Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:
Կնքվել է ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:
Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը բազմապատկելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:
Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության միջպետական հարաբերություններին բնորոշ է երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը ամենաբարձր և բարձր մակարդակներով:
Հայաստանի Նախագահ Ս.Սարգսյանի առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն կայացել է 2011թ. հոկտեմբերի 23-25-ը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր:
2013թ. դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Պուտինը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությունները, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարները:
2016թ. օգոստոսի 10-ին կայացավ Հայաստանի Նախագահի աշխատանքային այցը Մոսկվա: Հայ-ռուսական բանակցությունների արդյունքների շուրջ Նախագահները հանդես եկան հայտարարություններով:
2015թ. նոյեմբերի 2-3-ը կայացավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Մատվիենկոյի պաշտոնական այցը Երևան:
2015թ. մարտի 30-31-ը կայացավ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Ս.Նարիշկինի աշխատանքային այցը Հայաստան: Ս.Նարիշկինը Երևանում էր գտնվում նաև 2016թ. մարտի 10-11-ը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն կայացել է 2014թ. հուլիսի 6-7-ը:
Վարչապետները հանդիպել են նաև 2016թ. ապրիլի 13-ին Մոսկվայում, մայիսի 20-ին Երևանում և նոյեմբերի 16-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակներում:
2015թ. ապրիլի 7-8-ը Հայաստանի ԱԳ նախարար Է.Նալբանդյանի Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ընթացքում կայացել են բանակցություններ Ս.Լավրովի և Պետդումայի նախագահ Ս.Նարիշկինի հետ:
2016թ. ապրիլի 22-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Լավրովի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն, ում ընդունել է Նախագահ Ս.Սարգսյանը, և կայացել են բանակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հետ:
Նախարարները հանդիպել են նաև 2016թ. հուլիսի 4-ին և հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի և արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում:
2016թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:
Պլանային հենքի վրա անցկացվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ միջագնական խորհրդատվություններ:
Կանոնավոր գործում է Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը: Հանձնաժողովի 17-րդ նիստը կայացել է Սանկտ Պետերբուրգում 2016թ. հուլիսի 7-9-ը:
2016թ. հունվարի 20-22-ը Երևանում անցկացվել է Ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը, տասնմեկերորդ նիստը` 2016թ. սեպտեմբերի 7-9-ը Դոնի Ռոստովում:
1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի դրույթների իրականացման շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը:
2015թ. երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 173 մլն ԱՄՆ դոլար, ինչը 18%-ով նվազ է 2014թ. ցուցանիշների համեմատ:
2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 76 մլն ԱՄՆ դոլար, ինչը 13.4%-ով ավելի է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հայկական ապրանքների արտահանումը աճել է 52.8%-ով` կազմելով 295 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը, ըստ առևտուր անող երկրի, աճել է 8%-ով, իսկ, ըստ ապրանքի ծագման երկրի, նվազել է 3.3%-ով:
Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողն է: 1991 թվականից կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 4 մլրդ ԱՄՆ դոլար:
Տարբերակվող կառուցվածքով տարբերվող ռուսական հիմնական ներդրումները ուղղված են էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական և շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ:
Զարգանում է հայ-ռուսական հումանիտար համագործակցությունը: 2013թ. սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացել է Հայ Առաքելական եկեղեցու ռուսաստանյան և նորնախիջևանյան եպիսկոպոսության եկեղեցական համալիրի տոնական բացումը և օծումը /ներկա է եղել Հայաստանի Նախագահ Ս.Սարգսյանը/:
2015 թվականից Երևանում գործում է Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանում և Հայաստանում գործող ռուսական բուհերի 7 մասնաճյուղերում ուսանում է շուրջ 3.5 հազ. ուսանող:
2016թ. օգոստոսի 20 – սեպտեմբերի 18-ը Հայաստանում անցկացվել են Ռուսաստանի մշակույթի օրերը /Գյումրի, Երևան, Ստեփանավան, Եղեգնաձոր և Աբովյան/:
Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայկական համայնքը: Ռուսաստանում 2010թ. անցկացված մարդահամարի համաձայն, ՌԴ տարածքում բնակվում է ավելի քան 1 մլն 182 հազ հայ: Փորձագիտական գնահատականներով, Ռուսաստանում հայկական համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2.5 մլն մարդ: Հիմնադրվել և գործում են մի շարք համայնքային կառույցներ, որոնցից ամենախոշորն է «Ռուսաստանի հայերի միությունը»:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան կայքէջ