1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
1.1. ««Հայաստան-Ավստրիա» առևտրաարդյունաբերական ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը (հետագայում՝ Միություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում և Ավստրիայի Հանրապետությունում գործող առևտրային կազմակերպությունների կամավոր միավորում։
1.2. Միությունը հանդիսանում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային իրավաբանական անձ, ունի առանձնացված գույք, կարող է իր անունից ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ Միությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության բանկերում և օտարերկրյա պետությունների բանկերում։ Միությունը ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվանման հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշ, խորհրդանիշ, դրոշմակնիք, ձևաթղթեր և այլ անհատականացաման միջոցներ։
1.3. Միությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, իրավական ակտերով, ՀՀ կողմից կնքված միջազգային պայմանագրերով, սույն Կանոնադրությամբ և իր կառավարման մարմինների որոշումներով։
1.4. Միությունն իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է համագործակցել Հայաստանի և Ավստրիայի պետական, հասարակական, կուսակցական, կրոնական և առևտրային ընկերությունների, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ու անձանց հետ։
1.5. Միությունը կարող է անդամակցել միջազգային ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ։
1.6. Միության դրոշը՝ սպիտակ, լայնության և երկարության չափերի 1։1.8 հարաբերությամբ պաստառ է, որի կենտրոնում պատկերված է Միության խորհրդանիշը։
1.7. Միության խորհրդանիշը պատկերում է Երևանի Հանրապետության հրապարակի պատկերասրահի և Ավստրիայի Շոնբրունի պալատի շենքերը։
1.8. Միության խորհրդանիշը պատկերվում է դրոշի, կնիքի, ձևաթղթի, կրծքանշանի և անհատականացաման մյուս միջոցների վրա։
1.9. Միության անվանումն է.
հայերեն՝ ««ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՎՍՏՐԻԱ» ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ (հապավումը` «ՀԱԱԱԱ» ԻԱՄ)
ռուսերեն՝ СОЮЗ ЮРИДИЧЕСКИХ ЛИЦ “ТОРГОВО-ПРОМЫШЛЕННАЯ АССОЦИАЦИЯ “АРМЕНИЯ- АВСТРИЯ”” (հապավումը` СЮЛ «ТПААА»)
անգլերեն՝ ““ARMENIA- AUSTRIA” COMMERCIAL AND INDUSTRIAL ASSOCIATION” JURIDICAL PERSONS’ UNION (հապավումը` «AACIA» JPU)
1.10. Միության գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գյուղ Ոսկեվան, I փողոց, տուն 32, փոստ՝ 4113:
2. ՄԻՈւԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆՆ Ու ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Միության նպատակն է նպաստել Հայաստանի և Ավստրիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը։
2.2. Միությունը կոչված է իրականացնելու հետևյալ խնդիրները.
• նպաստել Հայաստանի և Ավստրիայի միջև փոխշահավետ գործարար հարաբերությունների կայացմանը բոլոր ոլորտներում, • նպաստել առևտրի և ներդրումների բարենպաստ և գրավիչ միջավայրի ձևավորմանը,
• ստեղծել նոր առևտրային կապեր Հայաստանի և Ավստրիայի միջև,
• Հայաստանում ստեղծել նոր աշխատատեղեր Ավստրիայի ներդրումների շնորհիվ,
• մեծացնել Հայաստանի և Ավստրիայի միջև գոյություն ունեցող ապրանքաշրջանառությունը,
• օժանդակել Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրային հարաբերություններում բանակցային գործընթացին,
• հաստատել կապեր Հայաստանի, Ավստրիայի և այլ երկրների համապատասխան կառույցների հետ,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն մասնակցել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և խորհրդատվություն իրականացնել,
• կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլ օգտակար միջոցառումներ` սույն կանոնադրությամբ ամրագրված նպատակներն իրագործելու համար,
• ներկայացնել և պաշտպանել իր բոլոր անդամների տնտեսական շահերը ու իրավունքները,
• հետազոտել, բացահայտել ու ընդհանրացնել իր անդամների շահերի հետ առնչվող հիմնախնդիրները, խոչընդոտները ու ռիսկերը և համապատասխան գործողությունների նախաձեռնումը՝ դրանք լուծելու ուղղությամբ,
• պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում,
• նպաստել Միության անդամների կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը նաև համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով,
• իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որոնք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը։
3. ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ Ու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ,ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Միությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ պետական գրանցման պահից։
3.2. Միությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ։
3.3. Միությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, նպատակները, խնդիրները և գործունեության ձևերը։
3.4. Միությանն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի.
• ունենալ գործադիր մարմին և ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ,
• ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում ստանալ դրամաշնորհներ, վարկեր, նվիրատվություններ հայկական և/կամ օտատերկրյա պետական և/կամ մասնավոր կառույցներից,
• կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ,
• հանդես գալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, տնտեսական և հասարակական կառույցներում, միջազգային կազմակերպություններում, լինել հայցվոր կամ պատասխանող` դատարանում,
• օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել և պաշտպանել իր անդամների գույքային և ոչ գույքային իրավունքները, օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում ու դատարանում,
• տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին Հայաստանում և արտասահմանում.
• աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց,
• կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհրաժեշտության դեպքում իր անդամներին և երրորդ անձանց մատուցել պարբերական բնույթ չկրող խորհրդատվական և Միության անդամների շահերից բխող այլ ծառայություններ,
• ունենալ միջազգային տնտեսական կապեր, անդամակցել միջազգային և օտարերկրա ոչ պետական կազմակերպություններին,
• ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ /մասնաճյուղեր, ներկայացուցչություններ/ և հիմնարկներ Հայաստանում և արտասահմանյան երկրներում այդ երկրների օրենսդրության համապատասխան,
• օժանդակել և նպաստել առևտրային ընկերությունների ստեղծմանը,
• հիմնադրել լրատվության միջոցներ,
• ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու հասարակական կազմակերպություններից՝ կանոնադրական նպատակների իրականացման համար,
• ձեռք բերել, ստանալ, վարձակալել կամ այլ պայմաններով (այդ թվում նաև անհատույց) օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք՝ սույն կանոնադրությամբ ամրագրված նպատակներն իրականցնելու համար,
• իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն։
3.5. Միությունը պարտավոր է.
• իր անդամների համար Միության գործունեությանը մասնակցության հավասար հնարավորություններ ապահովել,
• կրել օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ։
3.6. Միությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով։
3.7. Միությունը պատասխանատվության չի կրում իր անդամների ինքնուրույն գործունեության արդյունքում առաջացած պարտավորությունների համար։
3.8. Միության անդամները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը։
4. ՄԻՈւԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈւ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈւ ԿԱՐԳԸ
4.1. Միության անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի պետության տարածքում գործող յուրաքանչյուր առևտրային իրավաբանական անձ կամ անհատ ձերնարկատեր, որոնք իրավունք ունեն.
• ընտրել և ընտրվել Կանոնադրությամբ նախատեսված Միության կառավարման բարձրագույն և այլ մարմիններում,
• Միության ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, գանգատներ և առաջարկություններ,
• սպառիչ տեղեկատվություն ստանալ Միության գործունեության մասին,
• դուրս գալ Միությունից,
• Միությունից ստանալ իրավական և խորհրդատվական օգնություն իր օրինական շահերի պաշտպանության համար,
• մասնակցել Միության կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին։
4.2. Միության անդամը պարտավոր է.
• բարեխղճորեն կատարել սույն Կանոնադրությամբ սահմանված պարտավորություններն ու պահանջները և Միության կառավարման մարմինների որոշումները,
• հոգ տանել Միության համբավի ու հեղինակության բարձրացման համար,
• օժանդակել Միությանը նրա Կանոնադրական խնդիրների իրականացման գործում։
4.3 Միության անդամները հավասար չափով սուբսիդիար պատասխանատվություն են կրում Միության պարտավորությունների համար` խորհրդի կողմից սահմանված կարգով:
4.4. Միության անդամը պետք է մուծի մուտքի վճար` միանվագ 10 հազար դրամի չափով և տարեկան անդամավճար, ոչ ուշ, քան յուրաքանչյուր հաշվետու տարվա հաջորդող հունվար ամսվա վերջին օրը` 100 հազար դրամ: Վճարումները ուշացնելու դեպքում կիրավում է տույժ` ուշացած ժամկետի համապատասխան գումարի 10%-ի չափով:
5. ՄԻՈւԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1) Միության անդամների ընդհանուր ժոդովը (հետագայում՝ Ընդհանուր ժողով),
2) Միության խորհուրդը (հետագայում՝ Խորհուրդ),
3) Միության նախագահը (հետագայում՝ Նախագահ),
4) Միության փոխնախագահը (հետագայում՝ Փոխնախագահ),
5) Միության տնօրենը (հետագայում՝ Տնօրեն),
6) Միության վերստուգիչ հանձնաժողովը(հետագայում՝ Վերստուգիչ հանձնաժողով):
6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
6.1. Միության կառավարման բարձրագույն մարմինը Միության անդամների ընդհանուր ժողովն է։ Ընդհանուր ժողովի իրավասությունները սահմանվում են օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ։
6.2. Ընդհանուր ժողովը հրավիրվում է Նախագահի կողմից գրավոր ծանուցմամբ, հինգ տարին մեկ անգամ:
6.3. Արտահերթ Ընդհանուր ժոդովը գումարվում է Նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, Վերստուգիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջի մասին որոշումով, Միության անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ Խորհրդի պահանջով՝ հատուկ որոշման առկայության դեպքում։ Արտահերթ Ընդհանուր ժողովը գումարվում է պահանջը ներկայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում, սահմանված կարգով և գրավոր ծանուցմամբ։
6.4. Ընդհանուր ժողովի օրակարգի նախագիծը, անցկացման տեղը, կարգն ու ժամկետները սահմանում է Նախագահը՝ Խորհրդի որոշման հիման վրա։
Ընդհանուր ժողովի օրակարգի նախագիծը բաժանվում է անդամներին ժողովից առնվազն 7 օր առաջ, իրավական ուժ ունեցող գրությամբ։
6.5. Ընդհանուր ժոդովը իրավասու է որոշում կայացնել Միության գործունեությանը վերաբերող և սույն Կանոնադրության էությունից բխող ցանկացած հարցի վերաբերյալ:
6.6. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են.
• Միության կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը,
• Խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
• Նախագահի ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
• Վերստուգիչ հանձնաժողովի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
• Միության հաշվետվությունների հաստատումը, դրանց հաստատումը կատարվում է միայն վերստուգիչ հանձնաժողովի եզրակացության դեպքում,
• Միության վերակազմակերպումը և լուծարումը, լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը։
• Միության պատվավոր նախագահի կչում շնորհելը և նրա իրավունքները և պարտականությունները սահմանելը: Պատվավոր նախագահի կոչումը շնորհվում է անժամկետ:
6.7. Ընդհանուր ժողովում Միության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Միության անդամները չեն կարող լիազորել այլ անդամների օգտագործել իրենց ձայնի իրավունքը։
Ընդհանուր ժողովը իրավասու է որոշումներ կայացնելու, եթե ժողովին մասնակցում են Միության անդամների առնվազն կեսից ավելին։ Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Միության լուծարմանն ու վերակազմակերպմանը վերաբերվող հարցերի։ Միության լուծարման ու վերակազմակերպման մասին որոշումը ընդունվում է Միության բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների 2/3-ով:
Տնօրենը մասնակցում է Ընդհանուր ժողովին ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ, առանց ձայնի իրավունքի։
6.8. Ընդհանուր ժողովում որոշման կայացման համար բավարար ձայների բացակայության դեպքում քննարկվող հարցը օրակարգից հանվում է։
6.9. Ընդհանուր ժողովը նախագահում է Նախագահը, նրա բացակայության դեպքում՝ ամենատարեց մասնակիցը։ Ընդհանուր ժողովի ավարտից հետո եռօրյա ժամկետում կազմվում է արձանագրություն երկու օրինակից, որը ստորագրում է Ընդհանուր ժողովի նախագահը։
7. ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
7.1. Խորհուրդը ձևավորվում է Ընդհանուր ժողովի որոշմամբ և իրականացնում է Միության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն Կանոնադրությամբ վերապահված են Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը։
7.2. Խորհուրդը ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով։ Խորհուրդը ընտրվում է Միության անդամների ներկայացուցիչներից։
7.3. Տնօրենը մասնակցում է Խորհրդի ժողովներին ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ, առանց ձայնի իրավունքի։
7.4. Խորհուրդն իր աշխատանքները իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են վեց ամիսը մեկ անգամ։ Նիստերը հրավիրվում են Տնօրենի կողմից։ Արտահերթ նիստերը հրավիրվում են Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի և Խորհրդի անդամների առնվագն երկու երրորդի պահանջով։ Արտահերթ նիստր գումարվում է իրավական ուժ ունեցող գրավոր պահանջի դեպքում, պահանջը ներկայացնելու օրվանից 10 օրվա ընթացքում։
7.5. Խորհրդի իրավասություններն են.
• Միության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը,
• Միության հաստիքացուցակի և դրույքաչափերի հաստատումը,
• Միության ակտիվների արժեքի 50 %-ը գերազանցող գործարքների հաստատումը,
• Փոխնախագահի ու Տնօրենի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը,
• Միությանը անդամակցելու և անդամության դադարեցման վերաբերյալ որոշումների ընդունումը,
• Միության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,
• հերթական և արտահերթ Ընդհանուր ժողովի գումարումը, դրա օրակարգի նախագծի հաստատումը,
• այլ կազմակերպությունների կամ միությունների անդամակցության հարցի որոշումը,
• Միության բյուջեի, ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի, ինչպես նաև Տնօրենի տարեկան հաշվետվության մշակումը և հաստատումը,
• Միության զարգացման ծրագրերի և գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերի մշակումների հաստատումը,
• հուշամեդալով, անվանական հուշամեդալով, հուշանվերով և դրամական պարգևով պարգևատրումը,
• նկատողություն, խիստ նկատողություն և անդամությունից հեռացում տույժի միջոցների կիրառումը,
• սույն Կանոնադրության էությունից բխող և Ընդհանուր ժողովի կողմից տրված այլ իրավասությունների իրականացումը։
7.6. Խորհրդում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Խորհրդի նիստը իրավասու է որոշումներ կայացնելու, եթե նիստին մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին։
7.7. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
7.8. Խորհրդի նիստի գումարման մասին անդամները ծանուցվում են գրավոր՝ Խորհրդի նիստի գումարման օրվանից առնվազն 7 օր առաջ։
7.9. Ծանուցումը ուղարկվում է Տնօրենի կողմից։
7.10. Խորհրդի անդամները չեն վարձատրվում։
7.11. Խորհրդի նիստը նախագահում է Նախագահը։ Խորհրդի նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում կազմվում է նիստի արձանագրությունը, որը ստորագրում է Նախագահը։
8. ՆԱԽԱԳԱՀԸ
8.1. Նախագահը ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից, հինգ տարի ժամկետով։ Նախագահը չի վարձատրվում։
8.2. Նախագահը.
• գումարում և նախագահում է Ընդհանուր ժողովի և Խորհրդի նիստերը սույն Կանոնադրությանը համաձայն և կարող է պահանջել հրավիրել Ընդհանուր ժողովի և Խորհրդի արտահերթ նիստեր,
• ի պաշտոնե խորհրդի նախագահն է,
• պատրաստում և ստորագրում է ժոդովների արձանագրությունները,
• Միության գույքի օտարման և ձեռք բերման հետ կապված այն գործարքների հաստատումը, որոնց արժեքը կատարման պահին կազմում Միության ակտիվների մինչև 50%-ը՝ ներկայացնելով 50%-ի շեմը գերազանցող գործարքների հաստատումը Խորհրդի հաստատմանը,
• ներկայացնում է Միությունը առանց լիազորագրի միջազգային կազմակերպություններում, տեղական, օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում,
• առաջարկում է Փոխնախագահի ու Տնօրենի թեկնածուները` Խորհրդի հաստատմանը,
• իր բացակայության դեպքում Փոխնախագահը կամ Տնօրենը իրականացնում են նախագահի լիազորությունները,
• հաշվետվություն է ներկայացնում Ընդհանուր ժողովին,
• կիրառում է դիտողություն տույժի միջոցը,
• պարգևատրում է շնորհակալագրով և պատվոգրով,
• ստորագրում է ֆինանսական փաստաթղթեր, բանկում բացում հաշիվներ:
9. ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
9.1. Խորհրդի կողմից ընտրվում է Խորհրդի կազմից, հինգ տարի ժամկետով:
9.2. Նախագահի հանձնարարությամբ, նրա բացակայության ժամանակ կատարում է Նախագահի պարտականությունները:
9.3. իրականացնում է Միության աշխատանքի պլանավորումը, համակարգումը և վերահսկողության պարտականությունները,
9.4. տնօրինում է Միության արխիվը,
9.5. կոորդինացնում է Միության անդամագրության աշխատանքը, կազմակերպում է մուտքի վճարի և անդամավճարի գանձումը,
9.6.Փոխնախագահը հաշվետու է Խորհրդին և Նախագահին։
10. ՏՆՕՐԵՆԸ
10.1. Միության Տնօրենը ընտրվում և նշանակվում է Խորհրդի կողմից։ Տնօրենը իրականացնում է Միության վարչական ղեկավարումը։ Նա մասնակցում է Միության բոլոր մարմինների աշխատանքներին, բացառությամբ վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքներին, համաձայն սույն Կանոնադրության պահանջների։ Տնօրենը չի կարող հանդիսանալ Միության անդամ և զբաղվել առևտրային գործունեությամբ։ Բացի այդ Տնօրենը իր աշխատանքը կատարում է առաջնորդվելով թափանցիկության և անաչառության, ինչպես նաև արդյունավետության սկզբունքներով։ Նա աշխատանքի է անցնում լրիվ դրույքով, համաձայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրի։ Տնօրենի վարձատրության չափը որոշվում է Խորհրդի կողմից։
Նա ղեկավարում է Միության ընթացիկ աշխատանքներն ու գործունեությունը, ծրագրերի կատարումը, ապահովում է Խորհրդի և Ընդհանուր ժողովի որոշումների իրագործումը, անհրաժեշտության դեպքում այդ մասին զեկուցում է ժողովների ընթացքում։ Տնօրենը ընտրվում է հինգ տարի ժամկետով, վերընտրվելու իրավունքով։
10.2. Տնօրենը.
• համակարգում և պաշտպանում է Միության անդամների շահերը օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, տեղական և միջազգային կառույցներում,
• ղեկավարում է Միության ընթացիկ գործունեությունը, բացառությամբ սույն Կանոնադրությամբ սահմանված՝ Ընդհանուր ժողովի, Խորհրդի և Նախագահի իրավասությանը պատկանող հարցերի,
• տնօրինում է Միության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Միության անունից, ընդունում է աշխատանքի և ազատում աշխատանքից Միության աշխատողներին,
• անհրաժեշտության դեպքում տալիս է լիազորագրեր Խորհրդի առանձին որոշումների իրագործման համար,
• նախատեսված դեպքերում Խորհրդի և Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Միության ներքին ակտերը,
• սահմանված կարգով ապահովում է Միության կառավարումը, աշխատանքային ներքին ակտերի կատարումը, ինչպես նաև նպատակների իրագործումը, ինչի համար պատասխանավություն է կրում սույն Կանոնադրության համաձայն,
• Միության անունից բանկերում բացում և տնօրինում է հաշիվներ,
• իրականացնում է Ընդհանուր ժողովի և Խորհրդի կողմից տրված այլ լիազորություններ։
10.3. Տնօրենը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենքներով, սույն Կանոնադրությամբ, Ընդհանուր ժողովի և Խորհրդի որոշումներով, Միության ներքին ակտերով, ինչպես նաև իր հետ կնքված աշխատանքային պայմանագրով։
10.4.Տնօրենը հաշվետու է Միության Խորհրդին և Նախագահին։
10.5. Տնօրենի հաստիքի բացակայության դեպքում կամ մինչև Տնօրենի նշանակելը, կամ Տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, կամ նրա երկարատև բացակայության դեպքում սույն կանոնադրությամբ նրան վերապահված լիազորությունները իրականացնում է Նախագահը:
11. ՎԵՐՍՏՈւԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
11.1. Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից՝ հինգ տարի ժամկետով։
11.2. Վերստուգիչ հանձնաժողովը.
• իրականացնում է Միության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում,
• ստուգում է Միության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ, Ընդհանուր ժողովի կամ Խորհրդի որոշմամբ, ինչպես նաև Միության անդամների առնվազն 1/3-ի պահանջով,
• ստուգում է Միության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, Կանոնադրությանը, Ընդհանուր ժողովի կամ Խորհրդի որոշումներին և ներքին ակտերին, ստուգման ընթացքում իրավունք ունի պահանջել Միության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,
• ստուգումների արդյունքների հիման վրա պատրաստում է հաշվետվություններ և ներկայացնում համապատասխանաբար Ընդհանուր ժողովին և /կամ Խորհրդին,
• Միության գործունեության ֆինանսական հաշվետվությունների ստուգման վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնում է Ընդհանուր ժողովին։
11.3. Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարվում են տարին 2 անգամ: Արտահերթ նիստերը կարող է հրավիրվել Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների 1/3-ի պահանջով։ Վերստուգիչ հանձնաժողովը իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են անդամների 2/3-ը։ Վերստուգիչ հանձնաժողովի որոշումները ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
11.4. Վերստուգիչ հանձնաժողովը իրավունք ունի պահանջել գումարել արտահերթ Ընղհանուր ժողով և/կամ Խորհրդի նիստ՝ վերջինիս համապատասխան որոշման հիման վրա։
11 5. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները չեն վարձատրվում։
11.6. Վերստուգիչ հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, սույն Կանոնադրությամբ, ինչպես նաև Ընդհանուր ժողովի և Խորհրդի որոշումներով։
12. ՄԻՈւԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈւՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
12.1. Միության գույքը հանդիսանում է նրա սեփականությունը։ Միությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ ու շարժական գույք, այդ թվում տրանսպորտային միջոցներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք։ Միության գույքը հանդիսանում է բացառապես Միության սեփականությունը։
12.2. Միության միջոցները կարող են օգտագործվել միայն Միության կանոնադրությամբ նախատեսված նպատակների և խնդիրների իրականացման համար։ Միության գույքը վերջինիս լուծարման դեպքում օգտագործվում է նրա կանոնադրական նպատակներին համապատասխան, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե։
12.3. Միության սեփական միջոցների գոյացման աղբյուրներն են.
• Միության անդամների անդամակցության, տարեկան անդամավճարները, ինչպես նաև այլ վճարներ,
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակված թերթերի, տեղեկագրերի և այլ նյութերի իրացումից, ինչպես նաև վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները,
• Միության անդամների դրամական և նյութական ներդրումները,
• բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսները,
• դրամական և այլ ձևերով շնորհ ստացված միջոցները,
• Միության կողմից հիմնադրված ընկերությունների գործունեությունից ստացված եկամուտները` սույն Կակոնադրությանը համապատասխան,
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր և աղբյուրներ։
13, ՄԻՈւԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
13.1. Յուրաքանչյուր տարվա համար Տնօրենը մշակում և Խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում Միության տարեկան բյուջեն։ Տարեկան բյուջեի նախահաշիվը և կատարողականը հաստատվում են Խորհրդի կողմից հերթական նիստի ընթացքում համապատասխան որոշումների միջոցով։
14, ՄԻՈւԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
14.1. Միության վերակազմակերպումն իրականացվում է Ընդհանուր ժողովի որոշմամբ օրենքով սահմանված կարգով։
Միությունը համարվում է վերակազմակերպված օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից։
14.2, Միությունը այլ նմանատիպ միությունների հետ միացման ձևով վերակազմակերպվելիս, նրանցից մեկը վերակազմակերպված է համարվում միացած մյուս միությունների գործունեության դադարեցման մասին պետական գրանցում կատարելու պահից։
14.3. Միության լուծարումը հանգեցնում է դրա գործունեության դադարեցմանը առանց իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։ Միությունը կարող է լուծարվել Ընդհանուր ժողովի որոշմամբ, սույն Կանոնադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում։
14.4. Լուծարման դեպքում Միության անդամների Ընդհանուր ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները։
14.5. Միության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով և հերթականությամբ։
Միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է սույն Կանոնադրության 12.2 կետով նախատեսված նպատակներին: